ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ «Դատարկամտություն, ստով ու կեղծիքով հագեցած հեքիաթասացություն, սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ անադեկվատ ու անլուրջ խոսույթ: Որևէ հարցի չտրվեց փաստարկված և ըստ էության պատասխան: Հստակ երևաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ: Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն: Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ: Առաջիկա ռեգիոնալ և գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ: Տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում: Չկար հոդաբաշխ բացատրություն անվտանգության և խաղաղության, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպես նաև անվտանգության այլ կենսական բաղադրիչների մասին: Ոչ մի խոսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատվական և տնտեսական անվտանգությունների մասին: ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողություն իսպառ բացակայության մասին: Հ.Գ. Շառլ Մորիս դե Թալեյրանը մի առիթով ասել էր «Դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է»։ Երբ ՔՊ-ն հայտնվեց իշխանության ղեկին, շատերին թվում էր, թե ավելի լավ վիճակում կլինեն: Անցավ որոշ ժամանակ. Նիկոլի կառավարությունը դավաճանեց և՛ հեղափոխությանը, և՛ Արցախին, և՛ ազգային արժեքներին, և՛ ժողովրդավարությանը, և՛ Սփյուռքին… Եկել է Հայաստանի հերթը: Հիմա նրանք ջերմեռանդ ոգևորությամբ խոսում են խաղաղությունից ու Հայաստանից: Իսկ, եթե վերընտրվեն՝ կործանելու են նաև Հայաստանը»,-գրել է նա։



