Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր բոլոր սառեցված արտասահմանյան ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվս մեկ հարց, որը բխում է մեր շահերից և լուծում է պահանջում, իրանական միջոցների ապասառեցումն է։ Թե այդ միջոցների որ մասը պետք է փոխանցվի սկզբում, և որ մասը՝ որոշակի ժամանակահատվածից հետո, քննարկման առարկա է։ Սակայն Իրանի նվազագույն պահանջն այն է, որ այդ միջոցների 50%-ը փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո փոխանցվի Իրանին», – «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։ Ղարիբաբադին ընդգծել է, որ խոսքը արևմտյան երկրների կամ ԱՄՆ-ի միջոցների մասին չէ, որոնց վերաբերյալ Իրանը ստիպված լիներ բանակցություններ վարել և որևէ օգնություն կամ ֆինանսավորում խնդրել։ «Դա Իրանի փողն է, որն ԱՄՆ-ն ապօրինաբար սառեցրել է՝ թույլ չտալով այլ երկրներին փոխանցել դրանք կամ տրամադրել Իրանի Իսլամական Հանրապետության տնօրինմանը», – հավելել է ԱԳ փոխնախարարը։



