Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բացահայտ աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի։ Մոսկվան այս քարոզարշավի ընթացքում հատկապես օր օրի խստացնում է քաղաքական հռետորաբանությունը Երևանի՝ դեպի ԵՄ ինտեգրման քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով հայտարարում է, որ «Հայաստանը չի կարող պարել երկու հարսանիքում»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր ասել է, թե պետք է տեսնել՝ ով կհաղթի ընտրություններում, և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։ «Որովհետև եթե հաղթեն արևմտամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ ժամանակ իրոք անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասել է նա։ Իսկ Մարիա Զախարովան պնդում է՝ այս ամենը կապ չունի ՀՀ-ում սպասվող ընտրությունների հետ։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իրեն հատուկ կոշտ ոճով հասկացրել է իր հայտարարություններով, որ «աշխարհաքաղաքական դավաճանությունները» միշտ ունենում են տնտեսական և անվտանգային ծանր գին։ Հայաստանում շատերն են համարում, որ Կրեմլի այս քաղաքական ճնշումն ունի հստակ նախընտրական ենթատեքստ։ Դեռ քարոզարշավի սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ բառացիորեն նշել էր. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ևս ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին և հնարավորություն կունենան ներկայացնելու երկրի զարգացման այլընտրանքային տեսլականը»։ Մայիսի մեկին այս ուղերձից կարճ ժամանակ անց Հայաստանում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որից հետո սկսվեցին ռուսական կողմից կոշտ անդրադարձերն ու հայկական մթերքների արտահանման լուրջ խնդիրները, ինչն ընկալվեց՝ որպես տնտեսական լծակների կիրառում։ Այդուհանդերձ, Մոսկվան խուսափում է կամուրջները վերջնականապես այրելուց. օրերս Պուտինը զանգահարեց Փաշինյանին՝ շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ կա նախնական պայմանավորվածություն՝ հանդիպել ընտրություններից հետո և քննարկել բոլոր հարցերը։ Ռուսաստանի ճնշումների թեման լավագույնս շրջանառում են իշխանություններն, ինչպես նաև Արևմուտքը, ցուցադրելով կոնսոլիդացիա ՀՀ իշխանությունների շուրջ։ Հավաքական Արևմուտքը չի թաքցնում՝ ամեն հարցում աջակցում է Փաշինյանի իշխանությանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկժամանոց այցը Երևան, որը դարձավ ամերիկյան աջակցության առաջին ակորդը։ Դրանից օրեր անց էլ Ռուբիոն բացահայտ հայտարարեց՝ «ռուսները ցանկանում են, որ Փաշինյանը պարտվի այս ընտրություններում»։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական հարթակի գրառմամբ անձնական հստակ աջակցություն հայտնեց Փաշինյանին։



