ՌԴ Տվերի մարզի Ռժևի շրջանում շարժվող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։ «Մեր մարզի օդային տարածքում անցած գիշերվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք։ Ռժևի շրջանում ընթացող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մահացել է տղամարդ վարորդը», – գրել է նա «Մաքս» հարթակում։ Նշվում է, որ Նելիդովոյի շրջանում բեկորները մասամբ վնասել են փոստի շենքի և բնակելի երկհարկանի շենքի մի քանի պատուհաններ: Տուժածներ չկան։ Բացի այդ, Ժարկովսկու շրջանում ԱԹՍ-ի բեկորն ընկել է բնակելի շենքի մոտ գտնվող հարթակի վրա։ Բնակիչները չեն տուժել։ Տան վնասված պատուհանները կվերականգնվեն սեղմ ժամկետում։ Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։



