Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ կանոնադրական հոդվածներ են կիրառելու։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցմանը, նա նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում ոչ ոք հանրաքվեի հարց չի բարձրաձայնում, սակայն, ըստ նրա, ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին ավելի քան երկու տարի՝ ֆորմալ առումով մնալով անդամ։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հայ գործընկերները չեն մասնակցում միջոցառումներին, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ընթանում են զինվորական վարժանքներ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, պատվիրակությունների փոխանակում է իրականացվում ռազմական գծով թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հետ, որը նույնպես, Լավրովի որակմամբ, այժմ վերածվում է ռազմականացված կառույցի։ «Ի դեպ, հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Սամվելի Միրզոյանը, ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարեց. «Մենք անդամավճարներ չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»։ Սա ուղղակի մեջբերում է, կարող եք գտնել այն։ Իմ կարծիքով՝ դա հունիսի 7-ին էր։ Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք դա, արդեն ավելի քան 2 տարի է՝ ՀԱՊԿ բյուջեի հանդեպ Հայաստանի պարտքի հարցում առկա է մի իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկման հնարավորությունը»,- նշեց Սերգեյ Լավրովը։ Հունիսի 8-ին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ին անդամակցության վճարը։ «Մենք չենք վճարել անդամավճարը մի պարզ պատճառով։ Բանն այն է, որ կազմակերպությանը մեր մասնակցությունը, պարզապես, չի եղել»,- նշել էր Միրզոյանը։ 168 ․ am -ը դիտարկեց ՀԱՊԿ Կանոնադրությունը ՝ հասկանալու համար, թե ինչ միջոցներ կարող է կիրառել ՀԱՊԿ-ը Հայաստանի նկատմամբ, որը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը։ Այս կանոնադրության մեջ հստակ սահմանված է, թե ինչ իրավական հետևանքներ են առաջանում, երբ անդամ պետությունը չի կատարում բյուջետային վճարումները (անդամավճարները)։ Տվյալ իրավիճակի համար կիրառելի է կանոնադրության Գլուխ IX-ի («Ֆինանսավորում») Հոդված 25-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է․



