Այսօր Պաղպաղակի համաշխարհային օրն է և առաջարկում ենք, այդ համեղ քաղցրավենիքը գնելուց առաջ, ծանոթանալ մի քանի սկզբունքների: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Եվ այսպես. ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։ Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։ Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝ -կաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ, -սերուցքային պաղպաղակ – 8–11.5% կաթնայուղ, -պլոմբիր – առնվազն 12% կաթնայուղ, -թթվակաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ, -կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ (կաթնային և բուսական ճարպերի խառնուրդ) – մինչև 12% կաթնայուղ։ Կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը։ Իրական դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե արտադրանքի անվանման մեջ նշված է միայն «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այն չպետք է պարունակի բուսական ճարպեր։ Իսկ ինչպե՞ս որոշել պաղպաղակի որակը խանութում: Ուշադրություն դարձրեք ձևին ու կառուցվածքին. պաղպաղակը չպետք է լինի ձևափոխված։ Եթե այն կորցրել է իր ձևը, նշանակում է՝ պահպանման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է։ Սառցե բյուրեղների առկայությունը ազդանշան է. եթե մակերեսին կամ ներսում կան սառցե բյուրեղներ, դա վկայում է կրկնակի սառեցման մասին։ Գույնը կարևոր է. որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ գույն։ Գույնի երանգը կախված է ճարպայնությունից և հավելումներից։ Չափազանց վառ գույները կարող են վկայել արհեստական ներկանյութերի օգտագործման մասին։ Եվ, իհարկե, ուշադրություն դարձրեք պիտանիության ժամկետին. թույլ մի տվեք ձեզ վաճառեն ժամկետանց պաղպաղակ»,-նշում են տեսչական մարմնից:



