Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (United Nations Global Compact): Այն կորպորատիվ կայունության միջազգային խոշորագույն նախաձեռնության է, որը միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք հավատարիմ են պատասխանատու բիզնես վարքագծին և կայուն զարգացմանը։ ԶՊՄԿ-ի տարածած ահղորդագրության մեջ նշվում է, որ միանալով ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին՝ ԶՊՄԿ-ն իր գործունեությունն ու բիզնես պրակտիկաները համապատասխանեցնում է նախաձեռնության տասը սկզբունքներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հարաբերություններին, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին և հակակոռուպցիոն գործունեությանը՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը։ Ընդգծվում է, որ այս որոշումն արտացոլում է ԶՊՄԿ-ի հանձնառությունը՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականը և ապահովելու իր գործունեության շարունակական համապատասխանեցումը կայունության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։ «ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» նախաձեռնությանը միանալն արտացոլում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու մեր գործունեությունը և մեր գործընթացները համապատասխանեցնելու պատասխանատու կորպորատիվ վարքագծի միջազգային սկզբունքներին։ Որպես Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերություն՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն՝ արժեք ստեղծելու ոչ միայն արտադրության, այլև արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցման, անվտանգ աշխատավայրի և շահագրգիռ կողմերի հետ կառուցողական ներգրավվածության միջոցով», – նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։



