Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

You are using an outdated browser. Please upgrade your browser .

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Հայտարարությամբ Հանձնաժողովը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական և կայուն կերպով վերջ դնել երկու պետությունների միջև հակամարտությանը։ Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։ «Հանձնաժողովը նաև ընդգծում է սահմանազատման, վստահության և անվտանգության միջոցառումների, վեճերի խաղաղ կարգավորման և մարդասիրական, հատկապես՝ անհետ կորած անձանց առնչվող հանձնառությունների վերաբերյալ նախատեսված մեխանիզմների կարևորությունը։ Այս իմաստով և որպես խաղաղության գործընթացում առաջընթացի վկայություն՝ հիմնարար նշանակություն ունի բոլոր պատանդառված հայերի ազատ արձակման ուղղությամբ առաջընթացը. քայլ, որը կամրապնդի փոխադարձ վստահությունը և կուժեղացնի համաձայնագրի հումանիտար բաղադրիչը։ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է հաղորդակցությունների բացմանը, տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը նպաստող տարրեր։ Հանձնաժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության դերն այս գործընթացին սատարելու գործում և խրախուսում է շարունակել աջակցել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու համագործակցությունն ամրապնդող բոլոր նախաձեռնություններին։ Ելնելով վերոգրյալից՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը․ Հայտնում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, երկխոսությունը և միջազգային համագործակցությունը՝ որպես պետությունների միջև համակեցության հիմնարար սկզբունքներ։ Խրախուսում է կողմերին ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրումը և բարեխղճորեն իրականացնել այն։ Ընդգծում է երկու պետությունների միջև արդար, տևական և ներառական խաղաղության ամրապնդման կարևորությունը, որը կծառայի ներկա և ապագա սերունդների շահերին և կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայտարարությանն արձագանքել է Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը. «Շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր խմբակցություններին այս կարևոր հայտարարության համար, որը նպատակ ունի սատարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը»,- ասել է դեսպանը, որի խոսքերը փոխանցել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով