Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո վարչապետ, Բելգիայի կառավարության անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից Ձեզ վստահության վերահաստատման առիթով։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար։ Նրանց ընտրությունը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարական ուղին այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ավելի կարևոր են, քան երբևէ։ Ես հատկապես ուրախ էի հանդիպել Ձեզ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեր շփումը հիանալի հնարավորություն ընձեռեց վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և մեր համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը Երևանում։ Դա մի կարևոր իրադարձություն է, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունն առաջիկա տարիներին, մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով