ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Որոշումն ընդունվել է ՀՌՀ-ի՝ հունիսի 12-ի նիստի արդյունքներով։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց․ 1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ: 2. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ: 3. «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 18 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 4. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 20 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Եգոր Տիլպունովը: «Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և վերջնական եզրակացությունը։ Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը որոշել է հրապարակել ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ վերջնական եզրակացությունը։ Այնուհետև Հանձնաժողովը որոշել է հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։ Հանձնաժողովը մայիսի 17-ին իրականացրել է «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագրի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված քաղաքական գովազդը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության վարկաբեկման և նսեմացման տարրեր, մասնավորապես՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը վերածվում է մզկիթի, Մայր Հայաստան հուշարձանի փոխարեն՝ Աթաթուրքի արձանն է։ Միաժամանակ վերոնշյալ քաղաքական գովազդը չի ներառել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ։ ՀՌՀ-ն որոշեց «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտելու համար կիրառել 57-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 400․000 ՀՀ դրամով, նաև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները խախտելու համար կիրառել գրավոր նախազգուշացում: Հանձնաժողովը մայիսի 21-ին իրականացրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի մայիսի 20-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և Օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ արձանագրության` «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։ Հանձնաժողովը որոշել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում»,– ասված է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով