Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշելու է ծննդյան 80-ամյակը։ Մամուլը հայտնել է, որ այդ առթիվ Սպիտակ տան մերձակա հրապարակում նախատեսված են «տոնական շքեղ արարողություններ»։ Իսրայելի Հրեական ժողովրդի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոբի Բարդան Թրամփին համեմատել է Հերովդեսի հետ, որ պալատական ճոխությունների սիրահար էր, բայց և ընդգծել, որ ԱՄՆ նախագահի հոբելյանի «պանծացումը աշխարհաքաղաքական խոր ենթատեքստ ունի»։ Իսրայելցի հեղինակը մասնավորապես գնահատել է Մերձավոր Արևելքում Թրամփի քաղաքականությունը։ «Որպեսզի ամրապնդի դիվանագիտական կարգավիճակը և խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանա, Թրամփը ձգտում է Մերձավոր Արևելքում պատմական նվաճումների հասնել՝ Իսրայելը դիտարկելով որպես գործընկեր»,- գրել է Բարդան։ Ըստ նրա, Թրամփը իրեն ընկալում է որպես մի մարդու, «ում ձեռքին է Աբրահամի երկու որդիներին՝ Իսահակին և Իսմայիլին հազարամյա թշնամանքից հետո հաշտեցնելու բանալին»։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է երեք հազարամյա վաղեմության իսրայելա-արաբական հակամարտությունը կարգավորելու մտադրության մասին։ Իսրայելցի քաղաքագետը «թեթեւակի հումոր է արել»՝ գրելով, որ ԱՄՆ նախագահին թվում է, թե «աշխարհը սպասել է իր հայտնությանը, որպեսզի ինքը Աբրահամի զավակներին խաղաղություն բերի»։ ԱՄՆ նախագահը պատկառելի հոբելյանը նշում է Կոնգերսի միջանկյալ ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ։ Պաշտոնավարման մեկուկես տարում նրան չի հաջողվել կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Ավելին, Միացյալ Նահանգները ներքաշվել է Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-Իրան «Փոխըմբռնման մասին հուշագիրը» կարող է ստորագրվել Թրամփի հոբելյանի օրը կամ «ամենամոտ ապագայում»։ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Վաշինգտոնում «խաղաղություն են հաստատել»։ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Դոնալդ Թրամփի, թերևս, միակ գործնական հաջողություն է, եթե նկատի ունենանք, որ նրան նաև չի հաջողվել կարգավորել Գազայի իրավիճակը։ Իսրայելցի քաղաքագետի գնահատմամբ, Թրամփի համար «Մերձավոր Արևելքը հարթակ է, որտեղ նա ձգտում է ստեղծել աշխարհաքաղաքական կոնստրուկցիա՝ Չինաստանի հետ գլոբալ մրցակցությունից հաղթող դուրս գալու համար»։ Հարավային Կովկասը այդ նախագծումների մա՞ս է։



