Այսօր՝ հունիսի 14-ին, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Ու սա լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր իրենց մարդասիրության կաթիլն են նվիրում, կյանքեր փրկում` լուռ, առանց աղմուկի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է: Այս տարի մեր հիմնական շեշտադրումը երիտասարդների ներգրավումն է և Հայաստանում կամավոր, անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ միասին մենք իրականացնում և ընդլայնում ենք կամավորական արշավները, որպեսզի արյուն հանձնելը դառնա ոչ թե մեկօրյա ակցիա, այլ գիտակցված սովորություն՝ տարվա բոլոր օրերին։ Քո նվիրած արյունն իրականում կյանքի հույս է • նորածին երեխայի ու մայրիկի համար՝ ծննդաբերական բարդությունների ժամանակ, • վիրահատարանում գտնվող պացիենտի համար, • քաղցկեղի, արյան այլ հիվանդությունների դեմ ամեն օր պայքարող երեխաների ու մեծահասակների համար: Դոնորները ձևավորում են կյանքի մի անտեսանելի շղթա, որն ապահովագրում է մեզ բոլորիս: Ինչպե՞ս կարող ես օգնել հենց այսօր. 1. Դարձի՛ր դոնոր. այցելիր արյան հավաքագրման մոտակա կենտրոն: 2. Պատմի՛ր ընկերներիդ, որովհետև քո օրինակը կարող է վարակիչ լինել: Այս փոքր քայլով դու կարող ես փրկել կյանքեր: Շնորհակալ ենք, որ կաք»,- ասված է հաղորդագրության մեջ:



