Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով

Հունիսի 10-17-ը ցորենի համաշխարհային գները շարունակել են նվազել։ Պատճառը նոր բերքի շուկա մտնելն է, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իրանի միջև սպասվող համաձայնությունը, որով նախատեսվում է ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ «Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ շուկան հիմնականում անկում է ապրում հենց այս երկու գործոնի՝ նոր բերքի առատության և նեղուցի բացման սպասումների պատճառով։ Մասնավորապես, փորձագետները գների նվազում են արձանագրում Ռուսաստանից արտահանվող նոր բերքի համար։ Փոխարենը բացառություն են կազմել Ֆրանսիան ու Գերմանիան, որտեղ մեկ շաբաթում ցորենի տոննան թանկացել է համապատասխանաբար 5 և 1 դոլարով։ Այստեղ պատճառը եղանակն է. սպասվող տապը կարող է փչացնել ցանքատարածությունները։ Ինչ վերաբերում է ֆյուչերսային գներին, ապա այստեղ տատանումները տարբեր ուղղություններով են եղել։ Վերլուծական կենտրոնից հիշեցրել են նաև, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտը (USDA) անցած շաբաթ վերանայել է Ռուսաստանում 2026/27 մրցաշրջանի (հուլիս-հունիս) ցորենի բերքի կանխատեսումը՝ այն միանգամից 2 միլիոն տոննայով ավելացնելով և հասցնելով 88 միլիոն տոննայի (առանց Ղրիմի)։ Արտահանման կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 47 միլիոն տոննա։ Բացի այդ, նվազեցվել են դեպի Թուրքիա (6 միլիոնից հասնելով 5,5 միլիոն տոննայի), Սիրիա, Նիգերիա (սպառման կրճատման պատճառով) և Մարոկկո (2026-ի հունիս և հուլիս ամիսներին գործող մաքսատուրքերի պատճառով) ցորենի ներկրման ծավալները։ Փոխարենը՝ սպառման աճի հաշվին 1 միլիոն տոննայով ավելացել է Եգիպտոսի ներկրման կանխատեսումը՝ կազմելով 13,5 միլիոն տոննա։ Գների վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում բարելավվել է աշնանացան ու գարնանացան ցորենի, եգիպտացորենի և սոյայի ցանքատարածությունների վիճակը։ Կենտրոնի փոխանցմամբ՝ աշնանացան ցորենի բերքահավաքն այնտեղ ընթանում է նախատեսվածից զգալիորեն արագ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6119

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով