Ռուսաստանն ու Թուրքիան միշտ փոխադարձ ընդունելի լուծումներ են գտել ամենատարբեր խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։ «Եվ Ձեր (Ֆիդանի) նախկին պաշտոնում (Ազգային հետախուզության ղեկավար), և ներկայիս պաշտոնում Դուք միշտ ակտիվ աշխատանք եք տարել Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով»,- ասել է Շոյգուն։ Շոյգուն, մասնավորապես, օրինակ է բերել Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքը։ «Այն ժամանակ մենք ավելի հաճախ էինք հանդիպում, և այդ հանդիպումները կրում էին բացարձակ կիրառական բնույթ։ Դժվար ժամանակներ են եղել, բայց Ռուսաստանն ու Թուրքիան միշտ գտել են փոխընդունելի լուծումներ, և ես չեմ հիշում մի դեպք, երբ մենք ավարտած չլինենք մեր աշխատանքը՝ լինի դա Սիրիայի տարածքում դեէսկալացիայի գոտու ստեղծում, թե միջազգային ահաբեկիչների դեմ պայքար»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի հարցով համատեղ աշխատանքին՝ Ուկրաինական նավահանգիստներից թուրքական նավերի վերադարձին, Թուրքիա պարենի մատակարարումների կազմակերպմանը, ինչպես նաև այն բեռների ապաշրջափակմանը, որոնք երկար ժամանակ արգելափակված են եղել։ Բացի այդ, Շոյգուն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի դերին՝ 2022 թվականի Ուկրաինայի հարցով ստամբուլյան պայմանավորվածությունների լույսի ներքո։ «Այն ժամանակ համատեղ ջանքերով պատրաստվեց ստամբուլյան համաձայնագիրը։ Եթե չլիներ Արևմուտքի միջամտությունը, մենք այն ժամանակ բոլոր հնարավորություններն ունեինք ավարտելու այդ աշխատանքը»,- նշել է նա։



