Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը: «Կարող եմ միանգամից սկսել լավ լուրից. մինչ ես այստեղ խոսում եմ, մեր Fulda ականորս նավը և Mosel օժանդակ նավը շարժվում են Սուեզի ջրանցքով Կարմիր ծովի ուղղությամբ», – Պիստորիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա պարզաբանել է, որ դրանք կտեղափոխվեն այնտեղ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու նախապատրաստական ​​դիրք զբաղեցնելու համար: «Մենք ցանկանում ենք արագ գործել և գտնվել Հորմուզի նեղուցում, եթե դա պահանջվի և իրականություն դառնա», – նշել է նախարարը: Պիստորիուսը բացատրել է, որ նավերի տեղաշարժերի համար Բունդեսթագի հատուկ մանդատ չի պահանջվում, քանի որ դա տեղի է ունենում ԵՄ-ի Aspides առաքելության շրջանակներում: «Երբ պայմանները պարզաբանվեն, մենք կդիմենք Բունդեսթագին և կխնդրենք նրա մանդատը», – նշել է նա: Նախարարի խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա։ «Հորմուզի նեղուցում (առաքելության) համար մենք կարիք ումենք հստակ միջազգային-իրավական շրջանակների, որոնք կարող են ունենալ տարբեր ձևեր», – հայտարարել է Պիստորիուսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև Իրանի և Օմանի հավանությունը։ «Շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն առաջիկա 60 օրվա ընթացքում, – ընդգծել է պաշտպանության նախարարը։ – Ամեն դեպքում մենք պատրաստ ենք»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16877

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով