Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերություններ ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: ՀՀ ՆԳ նախարարությունից մանրամասնում են, որ Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանն ու ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։ ՆԳՆ պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։



