Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, «Դալարիկ» կայարանի մոտ։ «Բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է»,– ասված է հաղորդագրությունում։ ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հաստատեցին, որ մեկ անձ է հոսպիտալացվել, նա մարզային բուժհաստատություններից մեկում է։ «Առողջական վիճակը միջին ծանրության է։ Անձը գլխի շրջանում է վնասվածք ստացել, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա»,– նշեցին նախարարությունից։ Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից էլ հայտնել էին, որ վթարի հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։



