ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից: Ֆորումի շրջանակներում նախարար Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի, ինչպես նաև հիմնադրամի հանրային և մասնավոր հատվածների գծով փոխնախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Երկկողմ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսական վերափոխմանը գործարար և ներդրումային միջավայրի կատարելագործման, ներդրումների և առևտրի խթանման, ինչպես նաև առավել կանաչ, ներառական և դիմակայուն զարգացման ապահովման միջոցով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով