Ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են ՌԴ Կուբանում գտնվող նավթաբազային, իսկ առավոտյան՝ Ուֆայում գտնվող երկու նավթավերամշակման գործարանի, որոնք գտնվում են առաջնագծից 1500 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին սոցցանցերում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գիշերն ուկրաինական կողմը հարձակվել է Պոլտավսկայայի նավթաբազայի վրա։ Այն գտնվում է ռազմաճակատից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա։ Արդեն առավոտյան ուկրաինական ուժերը հարձակվել են Ուֆայի երկու նավթավերամշակման գործարանների վրա՝ «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ»-ի և «Բաշնեֆտ-Նովոյլ»-ի։ «Մեր հեռահար գործողությունները հետևողական, ճշգրիտ պատասխաններ են Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգմանը և ուկրաինական քաղաքների ու համայնքների վրա հարձակումներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան իրականացնում է «երկարաժամկետ պատժամիջոցների ծրագիր», և շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ «ճշգրտությունն ապահովելու համար»։ «Ռուսները պետք է մտածեն իրական դիվանագիտության մասին, այլ ոչ թե փորձեն կրկին խաբել որևէ մեկին կամ ժամանակ շահել։ Պատերազմը պետք է ավարտվի»,- ընդգծել է նա։



