Գդանսկում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ համաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինաին տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրո վարկի առաջին մասնաբաժինը կազմում է 3,2 միլիարդ եվրո, և այն շուտով կփոխանցվի Կիևին։ Այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։ «Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ պետությունները աննախադեպ տնտեսական, ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերել։ Այսօր մենք փոխանցում ենք Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկի առաջին տրանշը։ Սա եվրոպական համերաշխությունն է գործողության մեջ», – գրել է նա։ Կից նյութում նշվում է, որ առաջին տրանշը կազմում է 3,2 միլիարդ եվրո։ Մեկ այլ գրառման մեջ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն առաջ է մղել Ուկրաինայի եվրոպական ուղին և ստեղծել աճի նոր հնարավորություններ։ «Նախորդ տարվա ընթացքում մենք ամրապնդել ենք Ուկրաինայի տնտեսական հիմքերը։ Մենք առաջ ենք մղել նրա եվրոպական ուղին։ Եվ մենք ստեղծել ենք աճի նոր հնարավորություններ։ Հիմա ժամանակն է ներդրումներ կատարել Ուկրաինայում։ 20 տրիլիոն եվրո արժողությամբ միասնական շուկայի ապագա անդամ», – նշել է նա։ Ֆոն դեր Լայենը նաև անդրադարձել է Ուկրաինայի զինված ուժերին՝ նշելով, որ նրանց քաջությունը «փոխել է մարտադաշտում տիրող իրավիճակը»։ «Եվ ուկրաինացի ժողովրդի վճռականությունը աշխարհին ցույց է տվել, որ նրանց եվրոպական ընտրությունը չի կարող խախտվել»,- հավելել է նա։



