Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է

Լեհական Գդանսկում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնման հարցերով խորհրդաժողովը, այն կտևի երկու օր։ Ռուսաստանի փորձագիտական հանրության սպասումները, որ Լեհաստանի և Ուկրաինայի միջև նախորդ շաբաթ տեղի ունեցած «շքանշանների պատերազմը» խորհրդաժողովի հարթակներում «կշարունակվի», կարծես, չեն արդարանում։ Ճիշտ է, Ուկրաինայի նախագահ Զելենսկին Գդանսկ չի մեկնել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը ներկայացնի «հավաքական Արևմուտքի» դիրքորոշումը: Ռուսաստանը պետք է համաձայնի զորքերի շփման առկա գծով Ուկրաինայում հրադադարի առաջարկությանը։ Նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին։ Բանակցությունների ավարտին նրանք համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Լրագրողներից մեկը Թրամփին հարցրել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ ԱՄՆ նախագահը Զելենսկու մասին դրական է արտահայտվել: «Նրա մոտ ամեն ինչ բավական լավ է։ Համենայն դեպս, նա իր տարածքները պահում է։ Երկու կողմից էլ մարդիկ են զոհվում, բայց ես կարծում եմ, որ նա վատ չէ գլուխ հանում։ Պետք է ասեմ, որ նա խիզախ է։ Նա գերազանց սպառազինություններ ունի, նրա մարդիկ գերազանց են, նա մարտիկներ ունի»,- ասել է Թրամփը։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ ԱՄՆ նախագահը փոխել է դիրքորոշումը։ Այս հարցին ոչ ոք միանշանակ դրական չի կարող պատասխանել։ «Նեզավիսիմայա գազետա»-ն մեջբերել է Գդանսկի խորհրդաժողովում Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախկին նախարար, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շակիրինսկայայի տեսակետը։ Նա համարել է, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում ներկա իրավիճակը «միայն հնարավորություն է, որ պետք է իրացնել»։ Ավելի հոռետեսական է արտահայտվել Լեհաստանի նախկին նախագահ Կվասնեւսկին։ Նրա գնահատմամբ՝ «մոտակա ամիսներին ինչ-որ բան տեղի կունենա, բայց դա խաղաղություն չի լինի, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը խաղաղությամբ շահագրգռված» չէ, բայց Լեհաստանի նախագահը միաժամանակ ասել է, թե կարծում է, որ «զինադադարը մոտ» է։ Նա, ընդսմին, Ուկրաինայի դաշնակիցնեերին հորդորել է «ոչ թե խոսքով, այլ գործով նախապատրաստվել նրա պաշտպանությանը»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը իր հերթին ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «2030թ․ սահմաններում ռազմական բախման է նախապատրաստվում»։ Գդանսկի խորհրդաժողովին, ի դեպ, Ադրբեջանը մասնակցում է արտաքին գործերի նախարար Բայրամովի, Հայաստանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մակարդակով։ Այդ հարթակում նրանց հանդիպում նախատեսվա՞ծ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9837

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով