Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

26 հունիս, Երևան – Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը: Համագործակցության շրջանակում մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։ Ծրագիրը կաջակցի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով ներդրումները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և այլ կայուն լուծումների ոլորտներում։ Ֆինանսավորման առնվազն 20%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպաստելով կանանց տնտեսական մասնակցության ընդլայնմանը և ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացմանը։ Պայմանագիրը Երևանում ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը։ ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը նշել է. «Մենք ուրախ ենք համագործակցել Կոնվերս Բանկի և Կանադայի կառավարության հետ՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճին, կընդլայնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունները և կխթանի կայուն ֆինանսավորման զարգացումը։ ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից են, սակայն հաճախ բախվում են ֆինանսավորման սահմանափակումների։ Ծրագիրը կօգնի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը և բարձրացնել տնտեսության դիմակայունությունը»։ Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ԱԶԲ-ի հետ այս համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը։ Այս ծրագիրը կարևոր քայլ է մեր ռազմավարության շրջանակում՝ ուղղված իրական տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսների աջակցությանը և կանաչ ֆինանսավորման զարգացմանը։ Միաժամանակ կարևորում ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության շարունակական զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում։ Վստահ ենք, որ այս ծրագիրը կունենա շոշափելի ազդեցություն մասնավոր հատվածի աճի և ֆինանսական ներառականության վրա»։ Ստորագրության արարողակարգին ներկա էր նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, որը նշել է. «Այս 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ Կլիմայի և բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված հիմնադրամի միջոցով, և ԱԶԲ-ի ու Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ, լայն հնարավորություններ է ստեղծում Կանադա–Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Սա Հայաստանում մեր երկրորդ նմանատիպ ծրագիրն է, և հույս ունենք, որ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով