Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է Mac համակարգիչների և iPad պլանշետների գների բարձրացման մասին՝ դա պայմանավորելով արհեստական բանականության բուռն զարգացման հետևանքով առաջացած հիշողության չիպերի դեֆիցիտով (պակասով)։ Ընկերության հայտարարության համաձայն՝ արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների արագ ընդլայնումը կտրուկ մեծացրել է հիշողության և պահեստավորման բաղադրիչների պահանջարկը, ինչի հետևանքով դրանց գներն աննախադեպ արագ են աճել։ Արդյունքում թանկացել են Apple-ի մի շարք սարքեր։ Մասնավորապես՝ Apple-ից նշել են, որ մինչ այժմ փորձել են հաճախորդներին հնարավորինս զերծ պահել բաղադրիչների թանկացման ազդեցությունից, սակայն այժմ ստիպված են բարձրացնել մի շարք ապրանքների գները։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ տարվա ընթացքում կարող են թանկանալ նաև iPhone սմարթֆոնները։ IDC ընկերության վերլուծաբան Նաբիլա Պոպալի գնահատմամբ՝ հատկապես iPhone Pro և iPhone Pro Max մոդելների գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլարով։



