ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամրջի շինհրապարակ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացավ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից, որին կից նա նշել է, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ: Կամուրջը հիմնանորոգվել է 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքային իշխանության և Տրանսպորտի և շինարարության նախարարության համագործակցությամբ: Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով:



