Սահմանադրական դատարանում հունիսի 27-ին շարունակվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Դատական նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ։ Առաջին դատական նիստին իրենց դիմումները ներկայացրել են «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները: Նրանք բարձր դատարանից պահանջում են անվավեր ճանաչել հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիրն» այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ: Մինչ մեկնարկը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ «Նոր ուժ» կուսակցության կողմից ստացվել է գրավոր դիմումը՝ դատաքննությանը չմասնակցելու վերաբերյալ։ Այնուհետև նիստը մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումի ներկայացմամբ: «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՍԴ-ում վարույթը կասեցնելու վերաբերյալ, պայմանավորված վարչական դատարանում ԿԸՀ-ի որոշման դեմ բողոքի քննությամբ: Սահմանադրական դատարանը միաձայն որոշում է ընդունել մերժել դիմումը: Դատական նիստին, որպես պատասխանող կողմ, հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ հանձնաժողովը մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ։ «ԿԸՀ-ն գտնում է, որ վիճարկվող որոշումն իրավաչափ է, կայացել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել»,- հայտարարել է Հովակիմյանը։ Նիստին հարակից պատասխաններով են հանդես եկել դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:



