Ըստ CBS News-ի աղբյուրների՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության կասկածյալը հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա։ Իրավապահ մարմինների երկու աղբյուր հաստատել են, որ 31-ամյա Քոուլ Ալենը աշխատել է Թորրանսի C2 Education ընկերությունում, որը ուսուցողական ծառայություններ (տյուտորինգ) է տրամադրում։ Facebook-ի գրառման համաձայն՝ նա 2024 թվականի դեկտեմբերին ստացել է «Ամսվա ուսուցիչ» մրցանակը։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտն էլեկտրոնային նամակով հաստատել է CBS News-ին, որ Ալենը ավարտել է համալսարանը 2017 թվականին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։ ԱՄՆ դատախազ Ժանին Պիրոն հայտարարել է, որ այս պահին կասկածյալին առաջադրվելու են երկու մեղադրանք՝ բռնության ընթացքում հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա վտանգավոր զենքով հարձակվելու համար։ «Այն, ինչ մենք մինչ այժմ գիտենք, հստակ ցույց է տալիս, որ այս անձը նպատակ ուներ հնարավորինս մեծ վնաս հասցնել, և բարեբախտաբար՝ հենց դահլիճի դիմաց գտնվող անցակետը, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ լսելու ԱՄՆ նախագահի ելույթը, աշխատեց»,-մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Պիրոն։ «Ոչ ոք չի տուժել, բայց պարզ էր, թե ուր էր շարժվում մեղադրյալը»,- հավելել է նա։ Պիրոն նաև նշել է, որ կասկածյալը երկուշաբթի կներկայացվի դաշնային շրջանային դատարան և կանխատեսել է, որ հետաքննության ընթացքում նրան կարող են առաջադրվել լրացուցիչ մեղադրանքներ։



