Հունիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած՝ Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։ «Միջոցառմանը մասնակցել է նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։ Միջոցառումը անցկացվել է «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացվել են վերապատրաստումներ՝ հավասարը՝ հավասարին մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով՝ թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանն ու դրա վնասակար հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կարող են էական ներդրում ունենալ անձանց առողջության, իրավունքների արդյունավետ պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման գործում։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ։



