7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին։ Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։ Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը։ Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերևույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով և շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին և նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլև շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ: Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։ Քաջարանի թունելի և մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9746

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով