Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսիի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը: Խոսելով թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավման տարբեր նախագծերի մասին՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը դառնալու է Երևանի նոր կենտրոնը: Քաղաքապետը նշել է, որ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալ Շամսին նշել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի խոշոր նախագծերով: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցմանն ու Դալմայի այգիներին, որոնք նոր շունչ են հաղորդելու Երևանի հանրային տարածքներին՝ ստեղծելով ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ միջավայր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով