ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը, ինչպես նաև Էստոնիայի Պետական առաջատար դատախազ Ալար Լեհեսմեծը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ արդարադատության համակարգի արդյունավետության, իրավունքների պաշտպանության երաշխիքների և իրավական ընթացակարգերի կատարելագործման հարցերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք մարտահրավերների վերաբերյալ՝ ընդգծելով համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։



