ԵԱՏՄ անդամ պետություններում՝ այդ թվում Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում, բանկերը սկսել են խստացնել ռուսական ռուբլու կանխիկի ընդունման պայմանները։ Ինչպես հաղորդում է ռուսական РБК-ն, «բարեկամ» երկրների ֆինանսական կառույցները ստիպված են վերանայել աշխատանքի կարգը՝ կապված ռուսական արժույթի հետ։ Իրավիճակը Հայաստանում Հայաստանի բանկային համակարգում նկատվում է ռուբլու հետ աշխատանքի զգալի փոփոխություն։ Մասնավորապես, տեղական որոշ բանկեր ամբողջությամբ դադարեցրել են կանխիկ ռուսական ռուբլու հետ գործառնությունները, ներառյալ՝ հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը։ Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ անկանխիկ ռուբլով հաշվարկներն իրականացվում են նախկին պայմաններով՝ առանց լրացուցիչ սահմանափակումների։ Ի՞նչ է կատարվում ԵԱՏՄ երկրներում Բելառուս . Ավելի քան ութ բանկեր, այդ թվում՝ «Ալֆա-բանկ»-ը, «Բելառուսբանկ»-ը, «Սբեր Բանկ»-ը և այլք, սահմանել են 2-5% միջնորդավճար կանխիկ ռուբլի մուտքագրելու համար։ Ղազախստան . «Ցենտրկրեդիտ» (БЦК) բանկը կանխիկ ռուբլու ընդունման համար (դրամարկղերի, տերմինալների և բանկոմատների միջոցով) սահմանել է 5% միջնորդավճար։ Ղրղզստան . «ԷկոԻսլամիկբանկ»-ը SWIFT փոխանցումների համար սահմանել է նույն՝ 5% միջնորդավճարը։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում Ֆինանսական փորձագետները նշում են, որ նման խստացումները պայմանավորված են ռուսական արժույթի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներով և ռուբլու հետ աշխատող բանկերի համար ավելացող ռիսկերով։ Բանկերը ձգտում են նվազեցնել կանխիկ ռուբլու կուտակումներն իրենց պահոցներում, քանի որ դրա հետագա իրացումը կամ փոխանակումը միջազգային շուկաներում դարձել է առավել բարդ և ծախսատար։



