Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից (ՏՄ) վերահսկողական միջոցառումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքում: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են հողերի օգտագործման և պահպանման կանոնների բազմաթիվ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից: «Մասնավորապես՝ իրականացված օդատեսանկարահանման, հողամասերի տեղազննության, համայնքի կողմից տրամադրված տեղեկության, Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական (ARPIS) համակարգի, maparmenia.am հարթակի (կադաստրային քարտեզի) և «Google Earth» ծրագրի արբանյակային լուսանկարների տվյալների համադրման և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի և գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասերի որոշ հատվածներում առկա են հողի բերրի շերտի և հողագրունտի լայնակույտեր (պահեստավորում), իսկ նշված հողամասերի գերակշիռ հատվածներում հանված է հողի բերրի շերտը, հողագրունտը և իրականացվում են օգտակար հանածոյի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման աշխատանքներ, ինչի արդյունքում գրունտային ջրերը դուրս են բերվել երկրի մակերևույթ և վեր են ածվել մակերևույթային ջրերի։Նշված աշխատանքներն իրականացվել են առանց որևէ իրավահաստատող փաստաթղթերի, ինչի արդյունքում՝ խախտվել են ՀՀ հողային, ջրային օրենսգրքերի և Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված պահանջները։ Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների բնույթը Տեսչական մարմնի կողմից համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ արձանագրված դեպքերին իրավական գնահատական տալու նպատակով։ Հավելենք, որ Տեսչական մարմինը շարունակում է հետևողական վերահսկողությունը հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9726

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով