Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Ուզբեկստանի նախագահը երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, որտեղ արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: «Համաձայնագիրը հաստատում է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունը և ամուր հիմք է դնում երկկողմ հարաբերությունների և քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային, գիտական, տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության կայուն զարգացման համար», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ Վրաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրային հոսքերի հետագա աճին, տրանսպորտային միջանցքների ամրապնդմանը և ավելի լայն տնտեսական ինտեգրմանը։ «Վրաստանը մեզ համար կարևոր գործընկեր է և հուսալի հենարան Հարավային Կովկասում։ Վերջին տարիներին մեր երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է բոլոր ոլորտներում, և սա միայն սկիզբն է», – իր հերթին նշել է Ուզբեկստանի նախագահը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով