Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության երկարաձգմանը ձգտում է «միջազգային պատերազմի կուսակցությունը»՝ մեղադրելով Եվրամիությանը ռազմականացման քաղաքականություն վարելու մեջ։ Բելառուսական «ԲելՏԱ» պետական գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն քննադատել է Արևմուտքի գործողությունները։ «Լիակատար կեղծավորությամբ հայտարարելով խաղաղությանը հավատարիմ մնալու մասին՝ Եվրոպական միությունը բացահայտ կուրս է վերցրել դեպի ռազմականացում։ Միլիարդներ են ծախսվում հարձակողական սպառազինությունների ձեռքբերման վրա»,- ասել է նա։ Միաժամանակ, անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմին՝ Լուկաշենկոն փորձել է հանգստացնել բելառուս հասարակությանը։ «Հարգելի՛ ընկերներ, ոչ ոք ձեզ այդ կոտորած չի ուղարկելու։ Պատերազմը մեզ պետք չէ, վատ է, որ Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Մենք հարցերի խաղաղ լուծման կողմնակից ենք»,- ընդգծել է Լուկաշենկոն։



