Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 7-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սիրիա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկման համար։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով նախագահական գրասենյակի հաղորդագրությունը։ Մակրոնը կլինի արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որ Սիրիա կայցելի 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Բացի այդ, սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։ Վերջին անգամ Սիրիա էր այցելել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 2009 թվականին։ Մակրոնին կուղեկցի ներդրողների և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն, անդրադարձ կլինի տնտեսական համագործակցության ընդլայնման ջանքերին։ Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Մակրոնը նախատեսում են կլոր սեղանի հանդիպում անցկացնել իրենց համապատասխան պատվիրակությունների հետ։ Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա՝ որպես երկու երկրների միջև շարունակական քաղաքական երկխոսության մաս։ 2025 թվականին Մակրոնի հրավերով Ֆրանսիա էր այցելել աշ-Շարաան։ Կողմերը բանակցություններ էին վարել Ելիսեյան պալատում՝ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման վերաբերյալ։



