Միացյալ Նահանգները հաստատել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կվերսկսի Լեհաստանում գտնվող իր զորքերի ռոտացիան՝ գործընթացի ժամանակավոր կասեցումից հետո: Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Վաշինգտոնը մայիսին հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ զորքերի ռոտացիան Լեհաստան։ Սակայն դրանից մի քանի օր անց նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Լեհաստան կուղարկի լրացուցիչ 5000 զինծառայողի: «Լեհաստանը (ԱՄՆ-ի) հավատարիմ դաշնակիցն է, ուստի ես շատ ուրախացա՝ լսելով, որ ռոտացիան, որը կասեցվել էր մի քանի շաբաթ առաջ, վերադառնում է և կավարտվի առաջիկա շաբաթներին», – ասել է Կոսինյակ-Կամիշը հրթիռների գործարանում կայացած արարողության ժամանակ։ Լեհաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատում է ամերիկյան զինվորներին վերադարձնելու ուղղությամբ, բայց դրա ժամանակացույցը հայտնի չէր։ Լեհաստանում գտնվում է մոտ 10 000 ամերիկացի զինծառայող՝ ռոտացիոն հիմունքներով:



