Չինաստանը Խաղաղ օվկիանոսում ծովային տեղակայման հրթիռի փորձարկում է կատարել: Հրթիռն արձակվել է միջուկային սուզանավից: Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ արձակումն ուղղված չէ որևէ երկրի դեմ, և տարածաշրջանի երկրները տեղեկացվել են դրա մասին: «Կարող եմ ձեզ ասել, որ սա սովորական ռազմական վարժանք էր։ Այն ուղղված չէր որևէ կոնկրետ երկրի կամ թիրախի դեմ, և համապատասխան երկրները նախապես տեղեկացվել էին: Այն անցկացվել է միջազգային իրավունքի և հաստատված միջազգային գործելակերպի համաձայն։ Համապատասխան մեկնարկային գործողությունն իրականացվել է անվտանգ, ստանդարտ և պրոֆեսիոնալ եղանակով ամբողջ ընթացքում», – Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը: Դիվանագետը հույս է հայտնել, որ համապատասխան երկրները չափազանց մեծ նշանակություն չեն տա հրթիռի արձակմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Չինաստանը չի սպառնում տարածաշրջանում և աշխարհում որևէ երկրի: Նրա խոսքով՝ հրթիռի փորձակումը Պեկինի ինքնիշխան իրավունքն է: Reuters-ի հաղորդմամբ՝ փորձարկումը քննադատության է արժանացել Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից: Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը Չինաստանի կողմից հրթիռի արձակումը բնութագրել է որպես «ապակառուցողական» տարածաշրջանի համար: Փորձարկումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Ավստրալիան և Ֆիջին կնքել են պաշտպանական խոշոր դաշինք, որով երկու երկրները պարտավորվում են հարձակման ենթարկվելու դեպքում օգնության հասնել միմյանց:



