Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Կառույցից վստահեցնում են, որ շարունակելու են իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը։



