Անկարայում ֆորումի ընթացքում Ռյուտեն հայտարարել է ՆԱՏՕ-ի մի շարք ծրագրերի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ելույթ ունենալով դաշինքի պաշտպանական արդյունաբերության ֆորումում, որն Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի առաջին պաշտոնական միջոցառումն է, հայտարարել է, որ դաշինքը 40 միլիարդ դոլար կծախսի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր ծրագրի վրա։ Այս մասին հաղորդում BBC-ն։ Խոսքը Drone Edge նախաձեռնության մասին է, որը նախատեսում է 40 միլիարդ դոլարի հատկացում հաջորդ 5 տարվա ընթացքում՝ ուղղված անօդաչուների և դրանց հակազդման համակարգերի արտադրությանը։ Ռյուտեն նշել է, որ դաշնակից երկրները նաև պարտավորվում են մինչև 2027 թվականի վերջը հնգապատկել իրենց զինված ուժերում անօդաչու թռչող սարքերի օպերատորների թիվը։ Ռյուտեն նաև հայտարարել է նախաձեռնության մասին, որը թույլ կտա դաշնակիցներին Եվրոպայում արտադրել ամերիկյան զենք, ներառյալ Abrams տանկեր, ATACMS հրթիռներ և Stinger զենիթահրթիռային համակարգեր։ Բացի այդ, նա նշել է «ՆԱՏՕ-ի առջևի դուռ» ծրագրի ստեղծման մասին, որը կհեշտացնի պաշտպանական արդյունաբերության և դաշինքի միջև համագործակցությունը՝ թույլ տալով լուծել ռազմական գնումների հարցերը մեկ պատուհանի միջոցով։ Նա նաև հայտնել է, որ 2027 թվականից սկսած՝ դաշինքը հույս ունի արտադրել տարեկան 4 միլիոն հրետանային արկ։ Նրա խոսքով, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը, ռուսական ռազմական արդյունաբերությունն աշխատում է օրական 24 ժամ։ Ռյուտեն կոչ է արել արևմտյան ռազմարդյունաբերական համալիրին ցույց տալ Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային, Չինաստանին և Իրանին ՆԱՏՕ-ի «ռազմարդյունաբերական հեղափոխությունը»։ Ըստ Anadolu գործակալության՝ Ռյուտեն նաև ներկայացրել է երեք նախագիծ՝ ուղղված դաշնակիցների կարողությունների ընդլայնմանը օդային փոխադրումների, հետախուզության և հսկողության ոլորտներում։ Առաջին նախաձեռնությունը բազմազգ արդիականացման ծրագիր է, որը կենտրոնացած է Airbus A400M տրանսպորտային ինքնաթիռների և Airbus A330 բազմաֆունկցիոնալ տանկերային փոխադրման (MRTT) նավատորմի վրա։ «Դաշնակիցներից մի քանիսը պաշտոնապես հայտարարում են Airbus A330 MRTT լրացուցիչ ինքնաթիռների առաջիկա մատակարարման մասին», – ասել է Ռյուտեն՝ նախագիծը նկարագրելով որպես քայլ ՆԱՏՕ-ի ռազմավարական օդային փոխադրման և վերալիցքավորման կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Նա նաև հայտարարել է MQ-4C Triton անօդաչու օդանավերի համատեղ գնման նախագծի մասին՝ դաշինքի հետախուզության և հսկողության կարողությունները բարելավելու համար։ «Այս լրացուցիչ օդանավերը կապահովեն մշտական ​​հսկողություն մեծ ծովային տարածքներում», – ասել է նա։ Ռյուտեի երրորդ հայտարարությունը կենտրոնացած էր ՆԱՏՕ-ի հնացող օդային նախազգուշացման և կառավարման համակարգի (AWACS) նավատորմի փոխարինման վրա։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները համատեղ կգնեն շվեդական արտադրության մինչև 10 Saab GlobalEye հետախուզական ինքնաթիռ՝ ամերիկյան արտադրության Boeing E-3A Sentry AWACS հնացող ինքնաթիռները փոխարինելու համար։ Ֆորումի շրջանակում Ռյուտեն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որն Անկարա է ժամանել՝ համոզելու դաշնակիցներին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կշարունակվի մինչև հուլիսի 8-ը։ Դաշնակից երկրների առաջնորդների քննարկման օրակարգում են պաշտպանության ոլորտում ներդրումները, Ուկրաինային ռազմական աջակցությունը և դաշինքի պաշտպանական արդյունաբերական բազայի ընդլայնման ջանքերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով