Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա համախոհները միտումնավոր խեղաթյուրում են իրենց հասցեին հնչող քննադատությունը և համակարգված քարոզչության միջոցով փորձում են փոխել օրակարգը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով իսրայելցի պաշտոնյաների կողմից տարածվող, իր բնորոշմամբ, անհիմն պնդումներին և ապատեղեկատվական գործունեությանը։ Գերատեսչությունում նշել են, որ վերջին օրերին իսրայելական պաշտոնական շրջանակների կողմից համակարգված կերպով տարածվող հայտարարությունները ապատեղեկատվական արշավի մաս են կազմում։ «Նեթանյահուն և նրա համախոհները միտումնավոր խեղաթյուրում են իրենց հասցեին հնչող ցանկացած քննադատություն և համակարգված քարոզչության միջոցով փորձում են փոխել օրակարգը։ Սակայն այս ջանքերն այլևս չեն համոզում միջազգային հանրությանը և չեն կարող թաքցնել Նեթանյահուի կառավարության կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը, տարածաշրջանում վարվող օկուպացիոն և անեքսիոն քաղաքականությունը, ինչպես նաև ապակայունացնող գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։ Այս համատեքստում Անկարան կրկին կոչ է արել Իսրայելին վարել կառուցողական և խաղաղասիրական քաղաքականություն։ «Թուրքիան շարունակելու է բարձրաձայնել ճշմարտությունը»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում։



