Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Կատարի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվել է, որ կողմերը «քննարկել են նախորդ երկու օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմական էսկալացիայի վերաբերյալ վերջին զարգացումները»։ Կատարի վարչապետն «ընդգծել է, որ նման գործողությունները խաթարում են վստահությունը, սպառնում են միջազգային նավագնացության անվտանգությանը և վնասում տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին»։ Նա նաև «շեշտել է բոլոր կողմերի համար երկխոսության և դիվանագիտության, ինչպես նաև ԱՄՆ-Իրան ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում համաձայնեցվածի իրականացման անհրաժեշտությունը»։ Նա «վերահաստատել է Կատարի Պետության աջակցությունն էսկալացիայի զսպմանն ու համապարփակ համաձայնագրի հասնելուն ուղղված բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն անվտանգության և կայունության ամրապնդմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։



