Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հուշարձանների հիմնովին ոչնչացումը շարունակվում է։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելուց հետո, ադրբեջանական սոցհարթակներում օգտատերերն արդեն խոսում են Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը քանդելու մասին։ Հուշարձանը վերջին 2 տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել, հուշարձանի վրա տարբեր գրառումներ են արվել ադրբեջանցիների կողմից, որոշ հատվածներում փորվել է։ Օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում արդեն ասել է, որ չի պատրաստվում հարցը դարձնել պետական մակարդակով քննարկման առարկա։ Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ի կողմից պետական մակարդակով հարցը չի բարձրաձայնվում, բայց ակադեմիական շրջանակների, հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից միջազգային տարբեր կոնֆերանսներում այդ հարցը մշտապես քննարկվել ու բարձրաձայնվել է։ «Խնդիրն այն է, որ այս հարցում չկա պետական քաղաքականություն, նույնիսկ մեր արտգործնախարարությունը խուսափում է թեկուզ թեթև ափսոսանքի կամ ցավի ինչ-որ խոսքի ասել։ Այսինքն՝ եթե այս հարցում պետական քաղաքականությունը բացակայում է և «Արցախ» բառի հետ միասին՝ խուսափում են Ամարաս, Գանձասր, Դադիվանք ասել, ինչի՞ մասին կարող է խոսքը լինել» ,- 168.am – ի հետ զրույցում ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։



