Չինաստանը հայտարարել է «տիեզերք-Երկիր» վաղ նախազգուշացման ցանց ստեղծելու ծրագրի մասին, որը նախատեսված կլինի վտանգավոր աստերոիդների հայտնաբերման և մոնիթորինգի համար։ Ծրագիրը նախատեսում է Երկրի մերձակայքում գտնվող աստերոիդների վերահսկման միասնական համակարգ՝ ներառելով ինչպես ցամաքային, այնպես էլ տիեզերական դիտարկման միջոցներ։ Նշվում է, որ Չինաստանը ուսումնասիրում է մոլորակային պաշտպանության համակարգի ստեղծման հնարավորությունը, որի հիմքում կլինի տիեզերական և ցամաքային դիտարկումների ցանցը։ Ներկայում հայտնի չէ որևէ աստերոիդ, որը մոտ ապագայում հաստատ կբախվի Երկրին, սակայն վտանգները չեն կարելի անտեսել, քանի որ Երկրին մոտ բազմաթիվ աստերոիդներ դեռևս հայտնաբերված չեն։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Արեգակի ուղղությունից մոտեցող օբյեկտներին, որոնք Երկրից դժվար են նկատվում արևի լույսի պատճառով։ 2013 թվականին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում պայթած երկնաքարը նույնպես մոտեցել էր այդ ուղղությունից և հայտնաբերվել էր միայն մթնոլորտ մտնելուց հետո։



