Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են՝ ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է: «Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը: Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին: Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը: Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու: Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու: Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ: Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն: Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։



