Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարար Մարինելա Պրիֆտիի հետ։ Ինչպես տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանն առաջարկել է ձևավորել համագործակցության իրավապայմանագրային հիմք, խթանել մշակութային հաստատությունների, արվեստագետների և մարզական կառույցների միջև ուղիղ կապերը, ինչպես նաև իրականացնել համատեղ մշակութային, կրթական և մարզական ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել մշակութային ժառանգության պահպանության և թվայնացման, ստեղծարար արդյունաբերությունների, երիտասարդական փոխանակումների, մարզական ֆեդերացիաների համագործակցության և համատեղ ուսումնամարզական ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը՝ ներառյալ տուրօպերատորների միջև առցանց B2B հանդիպումների կազմակերպումը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը և բժշկական զբոսաշրջությանը նվիրված առաջիկա միջազգային համաժողովը։ Փոխնախարար Պրիֆտին ողջունել է ներկայացված առաջարկությունները և պատրաստակամություն հայտնել հորդորել աշխատանքը մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումների նախաձեռնման ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով