Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները, հմտությունների զարգացման, աշխատաշուկայի կարիքների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ներկայում ակտիվ բարեփոխումներ են ընթանում, և Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել․ «Շարունակաբար ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ այն հնարավորինս տեղայնացնելու և ըստ մեր կարիքների կիրառելու նպատակով: Այս համատեքստում անչափ կարևոր է նաև Էստոնիայի մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը և արդյունավետ մոդելների ուսումնասիրումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նա գործընկերներին իրազեկել է, որ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար փաստաթուղթ: Նոր օրենքով միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար առանցքային ուղղություն է դիտվում աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, ոլորտում դասավանդողների մասնագիտական վերապատրաստումները և կառավարման արդյունավետության բարելավումը: Անդրադառնալով համագործակցությանը՝ նշվել է, որ Էստոնիայի քաղաքացիական հասարակության, պետական ​​հաստատությունների և մասնավոր հատվածի փորձագետների հետ համագործակցությամբ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնը (ESTDEV) մշակում է գործընկեր երկրների կարիքներին համապատասխանող նորարարական լուծումներ, և Հայաստանը ևս դիտարկվում է որպես գործընկեր երկիր: Քննարկվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և շրջանավարտների շարժունությանը, փորձի փոխանակմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9562

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով