Այս եկեղեցում մեր հավաքվելու պատճառը երանելի Հուղիտա վկայի մասին քարոզ լսելն է, քանի որ օրեր առաջ խոստացել էի, իբրև մի հիշատակարան, պատմել ձեզ նրա՛ ճգնության մասին, ով, չնայած կանացի մարմնի մեջ լինելուն, մեծամեծ սխրանքներ և ամեն տեսակի հրաշքներ գործեց: Նրանք, ովքեր առիթ են ունեցել տեսնելու սրբուհուն և ովքեր ականատես են եղել նրա գործերին, ինձ հետ կվկայեն, որ Հուղիտան կանանց մեջ երանելի մեկն էր: Դժվար է անգամ նրան կին կոչելը, քանի որ սրբուհու բնությունն առավել զորեղ դուրս եկավ, քան, առհասարակ, կանանց բնությունն է: Այս երանուհին կարողացավ ծածկել իր մարմնական տկարությունները և կոտրել հասարակության մեջ արմատացած այն չարամիտ խորհուրդները, թե կինը չի կարող տոկալ ու պարտության փոխարեն՝ հաղթանակ տանել: Եվ այս կինն իր առաքինությամբ կարողացավ հաղթել հակառակամարտ թշնամուն, որը ամբարտավանությամբ պարծենում էր, թե իր զորությամբ կարող է ցնցել ողջ աշխարհը, թռչնի լքված ձվերի պես բոլորին իր ձեռքն առնել (հմմտ. Ես. Ժ 14) և անապատացնել քաղաքները: Այս Հուղիտան համարձակությունն ունեցավ հալածանքների ժամանակ անդրդվելի մնալու և թեպետ իր բնական տկարության պատճառով մարմնով Աստծուն թռչել-հասնել չկարողացավ, սակայն բարեպաշտության շնորհիվ անխաթար պահեց իր մերձավորությունը Տիրոջ հետ: Սուրբ վկան տղամարդավայել քաջությամբ կարողացավ հաղթահարել փորձությունները և որքան թշնամին իր արհավիրքների դժնդակությամբ կամեցավ սարսափեցնել Հուղիտային, այդքան առավել սրբուհին ծաղրուծանակի ենթարկեց նրան: Իսկ սրբուհու դատաստանը տեսնողն էլ քաղաքային մի հարուստ, ագահ ու բռնակալ մարդ էր, որը հափշտակությամբ և ուրիշներին զրկելով էր կուտակել իր հարստությունն ու տեր դարձել բազմաթիվ հողերի, անդաստանների, ագարակների ու արոտավայրերի, ծառաների, աղախինների և ամեն տեսակի ճոխության ու հարմարության։ Եվ իր կնոջն էլ իր տնից վտարելով՝ այս ամբարիշտը մի ատյան էր հաստատել, որը լեցուն էր զրպարտողներով, սուտ վկաներով և կաշառակեր դատավորներով:



