ՀՀ կառավարությունն ԱԺ կներկայացնի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Կառավարության վաղվա նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է նաև այս օրինագիծը։ Օրինագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը կապահովի շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացումը։ Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից և համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկին՝ ԱՄՆ-ի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը։



