Ադրբեջանում «քրդական» իշխանություն է

Ադրբեջանական մամուլում և սոցիալական հարթակներում վերջին օրերին պետական կառավարման համակարգում էթնիկ քրդերի «գերիշխանության» թեմայով բավական սուր քննարկումներ են ծավալվել։ Առիթը տվել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն։ Նա YouTube-յան ալիքներից մեկին տված հարցազրույցում սուր հայտարարություններ է արել Ադրբեջանում քուրդ ժողովրդի պատմության, ազգային ինքնության և ներկայության մասին: Ճիշտ է, Ջալալօղլուն քրդերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար «ներողություն» է խնդրել, բայց թեման զարգացրել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Հաջիլին։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հարցադրում է արել․ «Ինչ-որ մեկը կբացատրի, թե ինչո՞ւ Ադրբեջանի բնակչության անգամ մեկ տոկոսը չկազմող ազգի ներկայացուցիչները Միլլի մեջլիսի պատգամավորների քսան տոկոսն են կազմում, իսկ կառավարությունում գուցե ավելի մեծ ներկայացվածություն ունեն»։ Ի պատասխան, ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր անդրադարձել են Հաջիլիի կենսագրությանը և հրապարակայնացրել, որ նա ծնունդով Զաքաթալայի Ներքին թալա գյուղից է, որի «բնակչության մեծամասնությունը ինգոլոյցի» է։ Խոսքը պատմական Սաինգոլո տարածաշրջանի էթնիկ վրացիների մասին է, որոնց մի մասը մահմեդականություն է ընդունել։ Սարդար Ջալալօղլուն փորձառու գործիչ է և չէր կարող չիմանալ, որ էթնիկ անհանդուրժողականության թեման Ադրբեջանում կարող է հանրային և անգամ քաղաքական նոր իրավիճակ ստեղծել։ Մանավանդ որ բազմաթիվ աղբյուրներ իշխող ընտանիքին վերագրում են քրդական ծագում։ Այդ առումով «Մուսավաթի» գործադիր քարտուղարի «հռետորական հարցադրումը» ենթատեքստային է։ Փաստացի նա ակնարկել է, որ Ադրբեջանում «իշխանությունը գտնվում է բնակչության անգամ մեկ տոկոսը չկազմող ազգի ներկայացուցիչների ձեռքում»։ Վերջին մի քանի տարիներին, ըստ իրազեկ աղբյուրների, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հաջողվել է զգալիորեն թուլացնել նախիջևանյան կլանի ազդեցությունը։ Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ծագումով նախիջևանցիներին «ազգությամբ քուրդ» են ամվանում։ Ադրբեջանի պաշտոնական և իշխանամետ լրատվամիջոցները դեռևս «քրդական թեմային» չեն անդրադարձել։ Բացառված չէ, որ Դեմոկրատական կուսակցության նախագահը և «Մուսավաթի» գործադիր քարտուղարը ներկայացրել են իշխանական վերնախավի ինչ-որ խմբավորման տեսակետը կամ նրանք «հրահանգավորվել են Թուրքիայից», որտեղ քրդերի հանդեպ վերաբերմունքը խիստ անհանդուրժողական է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով