Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդգծելով, որ ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թ. կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում «Next Step Studio» միջազգային նախաձեռնության հիմնադիր Դոմինիկ Վելինսկին և Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի ներկայացուցիչ Ժուլիետ Քենոնը հայտարարել են 4 հայ ռեժիսորների անունները, որոնք ընտրվել են մրցույթի արդյունքում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Հայաստանից ծրագրին մասնակցելու համար ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք հետագայում կմիանան 4 միջազգային ռեժիսորներին և Հայաստանում համատեղ կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննում։ Ընդգծվում է, որ նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլև միջազգային գործընկերներին ծանոթանալու ապագա լիամետրաժ նախագծերին, զարգացնելու համատեղ արտադրություններ և համաշխարհային շուկայում նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը։ Ծրագիրը Հայաստանում կներառի մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագետների հետ, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9505

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով